Wednesday, May 15, 2013

Կենդանի տեսակների անհետացում
       Կետեր և դելֆիններ   
                                    Կետեր 
    Կետերը և դելֆինները պատկանում են ջրային կաթնասունների կետանմանների կարգին:
     Գոյություն ունի կետանմանների 84 տեսակ՝ միավորված 2 ենթակարգում. ատամնավոր կետեր՝ 5 ընտանիքով (գետային դելֆիններ, դելֆիններ, միաժանի կետեր, կաշալոտներ, կտցադնչավոր կետեր), և բեղավոր (անատամ) կետեր՝ 3 ընտանիքով (հարթ կետեր, գորշ կետեր, զոլավոր կետեր):

Կետերը բնակվում են բոլոր օվկիանոսներում, գետային դելֆինները՝ խոշոր գետերում: Կետերի մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն վերածվում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով: Առջևի վերջույթները վերափոխվել են կրծքային լողակների, հետիններն անհետացել են: Մազածածկը, քրտնա-, ճարպագեղձերը և արտաքին ականջը հետզարգացած են: Ենթամաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար կշիռը և նվազեցնում ջերմային կորուստը:
Կետերի մի քանի տեսակներ միմյանց հետ հաղորդակցվում են ձայների օգնությամբ, որը կոչվում է «կետերի երգ»: Խոչընդոտների կամ կուտակված կերի տեղի մասին նրանք կարող են իմանալ անդրադարձող ձայնի օգնությամբ: Կետերը ծնում են 1 խոշոր ձագ: Ապրում են հոտերով կամ ընտանիքով: Կյանքի տևողությունը 30–50 տարի է:
Կետերը հյուսիսային ժողովուրդների համար եղել են մսի և ճարպի աղբյուր: Չափավոր որսն այդ կենդանիներին էական վնաս չի պատճառել, սակայն խոշորածավալ կետորսությունը կետերի շատ տեսակների հասցրել է անհետացման եզրին. նրանք այժմ պաշտպանության տակ են առնված:
Կետորսությունը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը, որն ստեղծվել է 1946թ.
   
Դելֆիններ

Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Դելֆինների գունավորումը տարբեր է: Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40 կենդանի: Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում: Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիներով, երբեմն՝ խեցգետնակերպներով: Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով: Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի: Կան նստակյաց և գաղթող տեսակներ: Ուղեղի մեծ չափերի շնորհիվ դելֆինները կարող են վերամշակել բազմաթիվ ձայնային և այլ տեղեկություններ:
Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպպոցների նմանվող ձայներով: Նրանք կարող են նմանակել նաև մարդկային խոսքը:
Դելֆիններին փորձում են վարժեցնել ձկնորսության, կապի և ստորջրյա այլ աշխատանքներ կատարելուն, ինչպես նաև նրանց մարմնին ամրացրած տվիչների (չափիչ, ազդանշանային, կարգավորիչ կամ կառավարող հարմարանքների տարր) օգնությամբ օվկիանոսի տարբեր խորություններում հոսանքների, ռադիոակտիվության, ջերմաստիճանի, աղայնության մասին տվյալներ ստանալու համար: Ուսումնասիրվում են նաև դելֆիններին ականների, խորտակված նավերի, սուզանավերի հայտնաբերման համար օգտագործելու հնարավորությունները:
Դելֆինների որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն. օգտագործվում է նրանց միսը և ճարպը:

No comments:

Post a Comment

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....